Ջինային ինժեներիա

Ռիչարդ Սթոլման

Թարգմանիչ՝ Վահրամ Մարտիրոսյան <vmartirosyan@gmail.com>

Հասանելի է նաև անգլերեն, պորտուգալերեն, պարսկերեն, և իսպաներեն լեզուներով։

Հարգելի Արթուր,

Ես չեմ կարող տալ Ձեր խնդրած հարցազրույցը, բայց այժմ գոնե կարող եմ բացատրել, թե ինչպես ինձ հաջողվեց իրականացնել այդպիսի փոփոխություններ և այդքան բան կատարել նման կարճ ժամանակահատվածում։ Սա ամբողջ պատմությունը չէ, բայց շուտով Դուք կգտնեք նաև նրա շարունակությունը։

Հինգ տարի առաջ, մինչ կենսաբան դառնալս, ես ունեի անտիկվարային խանութ։ Մի օր ստուգելու համար ես մի յուրահատուկ լամպ փորձեցի և հանկարծակի ցնցում ապրեցի՝ սակայն ոչ էլեկտրական բնույթի։ Լույս տալու փոխարեն լամպը ծխի քուլա բաց թողեց, որն այնուհետև խտանալով՝ վերածվեց ջինի։ Վերջինս էլ առաջարկեց կատարել իմ երեք ցանկությունները։

Սխալներից խուսափելու համար առաջին ցանկությունս գրեցի մի նոթատետրում և ընթերցեցի այն։ «Իմ ցանկությունն է, որպեսզի բոլոր մարդիկ դառնան և մնան անխոցելի բոլոր տեսակի հիվանդությունների, մարմնական թերացումների, ֆիզիկական դեգեներացիայի և ծերացման դեմ։ Նրանք պետք է մնան կենդանի, շարունակեն մտածել, զգալ և գործել ինչպես առողջ մարդիկ․․․ Ի՞նչ կասես»։

«Հը՜մ, այդ ցանկության իրագործման հետ կապված կարող են որոշ բարդություններ ծագել, — ասաց ջինն անվստահորեն։ — Միգուցե արժե՞ր, որ Դուք մեկ այլ բան ցանկանայիք»։

«Ի՞նչ է նշանակում մեկ այլ բան։ Դա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ»։

«Այսպիսի ցանկությունն․․․ աննախադեպ է։ Ոչ ոք երբեք նման բան չի կամեցել», — նա ընկճված էր երևում։

«Բայց դու հաստատ մինչ այս բուժել ես հիվանդություններ։ Դու կարո՞ղ ես սա գլուխ բերել»։

«Դա նույն բանը չէ, և ես սա չեմ կարող համաձայնացնել մեզ մոտ ընդունված կարգերի հետ»։

«Դա հեշտ է։ Դու ասացիր, որ տալիս ես երեք ցանկության հնարավորություն։ Դու այժմ չես կարող հետ կանգնել քո խոսքերից։ Ես քեզ ասել եմ ցանկությունս․ կատարիր այն»։

«Ես չեմ կարող ինձ վրա վերցնել այսպիսի շեղման համար պատասխանատվությունը։ Ստիպված եմ խորհուրդ հարցնել»։

«Լավ, հարցրու։ Բայց չկարծես, թե քեզ ճանկիցս բաց կթողնեմ»։

Ջինը կրկին վերածվեց ծխի և սկսեց որոնել ծխնելույզ՝ դուրս սողոսկելու համար, սակայն ի վերջո ստիպված եղավ բավարարվել փոստային ճեղքով։

Նա կրկին նյութականացավ մեկ ժամ անց։ Մի ֆիզիկական ծանրություն էր անցել նրա միջով, չնայած նա շարունակում էր մնալ ոչ նյութական էակ։ «Այս ցանկությունը չափազանց մեծ է։ Դուք չեք կարող ցանկանալ փոխել ողջ աշխարհը։ Ձեր ցանկությունները պետք է առնչվեն անմիջականորեն Ձեզ։ Դուք կարո՞ղ եք ցանկանալ որևէ բան, որը վերաբերվում է անձնապես Ձեզ»։

«Ես իհարկե կարող էի շարունակել պնդել, բայց կփորձեմ հեշտացնել քո գործը։ Ես կցանկանամ ուժի մի աննախադեպ տեսակ»։

Ծանրությունն ընկավ ջինի ուսերից․ «Այ դա ճիշտ գաղափար է։ Ի՞նչ տեսակ ուժ»։

«Ուժ, որով կկարողանամ զերծ պահել մարդկանց հիվանդություններից և քայքայումից, երբ նրանք տեսնեն ինձ։ Երբ ինչ-որ մեկը նայի ինձ, ուժը պետք է սկսի գործել և նրան դարձնի անխոցելի բոլոր տեսակի հիվանդությունների, մարմնական թերացումների, ֆիզիկական դեգեներացիայի և ծերացման դեմ։ Նրանք պետք է մնան կենդանի, շարունակեն մտածել, զգալ և գործել ինչպես առողջ մարդիկ։ Արտաքին փոփոխության որևէ նշան չպետք է երևա․․․ Այժմ ի՞նչ կասես»։

«Ա՜խ, իսկ ես կարծում էի, թե մենք հասկացել ենք միմյանց։ Ցանկությունը պետք է լինի անձնապես Ձեզ համար»։ Բեռը վերադարձավ, սակայն այժմ առավել ծանր էր դարձել։

«Սա է։ Ցանկացած ուժ ազդում է այլ մարդկանց վրա, և դու մարդկանց մինչ այժմ տվել ես ուժ։ Եթե ես ցանկանայի ուժ՝ շախմատում միշտ հաղթելու համար, դու կբողոքեի՞ր»։

«Այո, ես մի քանի տասնամյակ առաջ մի մարդու տվեցի այդպիսի ուժ։ Ցավալի է, որ նա դարձավ անկայուն։ Դուք կցանկանայի՞ք այդպիսի ուժ»։

«Այդ դեպքում ինչու՞ չի կարելի ցանկանալ այնպիսի ուժ, որն այլ մարդկանց կդարձնի առողջ և երիտասարդ»։

«Այս կապակցությամբ հարկավար է քննարկում կազմակերպել։ Ես Ձեզ ավելի ուշ կպատասխանեմ։ Դա որոշ ժամանակ կխլի։ Դուք պետք է այստեղ մնաք և սպասեք ինձ, ես Ձեզ կգտնեմ»։

Հաջորդ երեկոյան ջինը նյութականացավ իմ խոնավացուցչից։ Ջինի տեսքից երևում էր, որ նրան դուր չէր գալիս այն, ինչ պիտի ասեր։

«Ինձ թույլ չի տրվում կատարել այդ ցանկությունը։ Դուք, այլ մարդկանց համար ինչ-որ բաներ կամենալով, ստեղծում եք բարդություններ։ Ինչու՞ որևէ բան չեք ցանկանում հենց Ձեզ համար, Ձեր անձնական հաճույքի համար»։

«Մարդկությանն այս կերպ տրված օգուտն ինձ շատ ավելի մեծ հաճույք կպատճառեր, քան որևէ այլ բան, որը ես կարող եմ պատկերացնել։ Ո՞րն է քո նպատակը։ Ինչու՞ ես դու դեմ օգտակար ցանկություններին»։

«Անկեղծ ասած․․․ ենթադրվում է, որ Ձեր ցանկությունները պետք է լինեն եսասիրական, որպեսզի հետևանքները ապացուցեն, թե Դուք ինչքան հիմար եք։ Ու՞ր կլինեին ջիները, եթե թույլ տային իմաստուն և վեհանձն ցանկություններ»։

«Սա նշանակում է, որ դու հրաժարվու՞մ ես քո բառերից»։

«Միգուցե Դուք կարող էիք գտնել մեկ այլ ցանկություն․․․»

Ես չկարողացա գտնել սահմանափակումները շրջանցելու ուղի, բայց գտա ուղին գտնելու ուղի։ «Լավ։ Ես մի եսասիրական ցանկություն կհայտնեմ։ Մի բան, ինչից օգուտ կունենամ հենց ես»։

«Դուք ինձ մի մեծ բեռից ազատեցիք։ Ի՞նչ է Ձեր ցանկությունը»։

«Նախ ես ցանկանում եմ լինել շատ խելացի։ Ես ցանկանում եմ շատ ավելի լավ լուծել ցանկացած գլուխկոտրուկ կամ խնդիր, քան երբևէ ապրած որևէ էակ։ Իհարկե, ես չպետք է կորցնեմ իմ մտավոր (կամ ֆիզիկական) ունակությունները, երբ ձեռք կբերեմ այս մեկը»։

«Շատ լավ, դա արդեն կատարվեց»։

Ես փոփոխության ոչ մի նշան ցույց չտվեցի։

«Երկրորդ ցանկությունս ևս անձնական է։ Ես ցանկանում եմ դառնալ անխոցելի բոլոր տեսակի հիվանդությունների, մարմնական թերացումների, ֆիզիկական դեգեներացիայի և ծերացման դեմ և մնալ այդպիսին։ Ես պետք է ողջ մնամ՝ պահպանելով իմ մտածելու, զգալու և գործելու ունակությունները, և պետք է զերծ մնամ այնպիսի լուրջ վնասվածքներից, որոնք սովորաբար սպանում կան հաշմանդամ են դարձնում մարդկանց իրենց կյանքի ծաղկունքում։ Արտաքին ոչ մի փոփոխություն չպետք է լինի, չհաշված հիվանդությունների, անկարողության, դեգեներացիայի և ծերացման բացակայությունը։

Սա արա՝ փոփոխելով իմ մարմնի բնույթն ու ներքին կառուցվածքն, այնպես, որ փոփոխությունները նորմալ կերպով փոխանցվեն ժառանգաբար։ Եվ գերբանականությունը նույնպես․ ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները ևս ունենան այս բոլոր առավելությունները։ Միգուցե իմ երեխաներին ընդգրկելը չափազանց ոչ եսասիրակա՞ն է»։

Սա հարցրեցի միայն ջինին նշածս հանգամանքի կարևորությունից շեղելու համար․ ես հաշվարկել էի, որ նա պետք է ընդունի այն և չէի ցանկանում, որ նա տեսնի այս ցանկության հետևանքները, կամ ասի, որ սա մեկից ավել ցանկություն է։

«Խնդիր չկա։ Սեփական ընտանիքի մասին հոգ տանելը եսասիրության ևս մի արտահայտում է։ Արդեն կատարված է։ Ո՞րն է Ձեր երրորդ ցանկությունը»։

«Այսուհետև ես պետք է ունենամ իմ ձվազատումը գիտակից կերպով կարգավորելու ունակություն։ Դա պետք է պատահի միայն այն ժամանակ, երբ ես հատուկ որոշեմ։ Այս փոփոխությունը չպետք է ազդի իմ պտղաբերության կամ սերնդի առողջության վրա։ Այս հատկությունը նույնպես պետք է լինի ժառանգական»։ Երկարակեցության հետևանքները, որը ես որոշել էի տալ աշխարհին, կարող էին կարգավորվել միայն ներդրված հակաբեղմնավորիչների միջոցով։

«Թող այդպես լինի։ Ուրախ եմ Ձեզ ծառայելու համար և ցտեսություն»։ Ջինը շտապեց հեռանալ և այս տհաճությունները գլխից դուրս նետել։

Հաջորդ օրը ես վաճառեցի խանութը և սկսեցի կենսաքիմիկոսի իմ կարիերան։ Ես ստիպված էի պարզել ինչպես մարդու նորմալ կառուցվածքը, որը հետագայում հրապարակեցի, այնպես էլ քիմիական և գենետիկ փոփոխությունները, որոնք ջինն էր կատարել իմ մարմնում, բայց գաղտնի։ Պնդելով, որպեսզի ունակությունները փոխանցվեն ժառանգաբար՝ ես ջինին ստիպեցի իրականեցնել ցանկությունս իմ գեներում փոփոխություններ կատարելու միջոցով։ Դրանից հետո ինձ մնում էր պարզել, թե նա ինչ է արել և թե ինչպես ես կարող եմ այդ փոփոխություւները փոխանցել այլոց։

Առաջին հերթին որոշեցի աշխատել կատարելագործված բանականության վրա, որպեսզի կարողանայի ունենալ համախոհներ։ Համոզված եմ, որ դուք լսած կլինեք խորհրդավոր «քառակուսի բծեր» հիվանդության մասին։ Դա իմ առաջին արտադրանքն է․ մի վիրուս, որն իմ բանականության պես բանականություն է շնորհում։ (Քառակուսի բծերի առանձնահատկությունը նրա համար է, որպեսզի ունենանք ախտորոշման հուսալի միջոց)։ Երբ դուք վարակվեք այս վիրուսով, ուղղակի պառկեք անկողնում և շատ սպիտակուց ընդունեք, արդյունքում, երկու շաբաթ անց, դուք կլինեք ավելի լավը և ավելի խելացի։ Դրանից հետո վիրուսը դեռ մի շաբաթ մնում է վարակիչ։

Իհարկե ոմանք այս կապակցությամբ կարող են զայրանալ, այդ պատճառով սույն պատմության հարապարակվելուց անմիջապես հետո ես կթաքնվեմ։ Բայց, եթե դուք այդ վիրուսի կրող եք, ապա առանց որևէ դժվարության կարող եք ինձ գտնել․ այս նամակում կան բանալիներ, որոնք կհուշեն իմ գտնվելու վայրը։ Խնդրում եմ, այս տեքստը տարածել տառացիորեն, որպեսզի բանալիները չոչնչանան։ Ես ցանկանում եմ, որ վիրուսը կրող մարդիկ կարողանան կապնվել ինձ հետ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք միասին աշխատել ծերացման, հիվանդությունների և կամավոր ձվազատման խնդիրների լուծման վրա։ Ես ունեմ նաև ջին հայտնաբերող սարքի գաղափար, այնպես որ մենք կարող ենք ավելի շատ ցանկություններ ունենալ։

Ձեր ընկեր
Էթել